«Առաջին լրատվական»-ի
բացառիկ հարցազրույցը այս օրերին Լոս-Անջելեսում բնակվող իր հայրական տանը
հյուրընկալած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա
Մովսիսյանի հետ:
-Յուրա, «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքում անց է կացվում հարցում`
ակումբի կազմում 2011թ. լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով: Առայժմ
6890 քվեների 71%-ը քո օգտին է: Դու քեզ համարո՞ւմ ես քո ակումբի կազմում
լավագույնը:
- Ես չեմ ուզում ինձ առանձնացնել մնացած
ֆուտբոլիստներից, քանի որ ճիշտ չի լինի:Թիմային սպորտում շատ դժվար է մեկին
առանձնացնել, բայց ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որ ինձ սիրում ու
հարգում են:
-«Կրասնոդար»-ն ինչպե՞ս է պատրաստվում
մրցաշրջանի աշնանային փուլին: Հայտնի է, որ հունվարի 8-ից թիմն
ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:
-Մենք մեր հավաքներն անցկացնելու ենք Բելեկում: Շատ լավ ենք պատրաստվում: Մենք ամրապնդվել ենք 9-րդ տեղում:
- Sovsport.ru-ն դադարեցրեց քվեարկությունը քո օգտին և պատճառաբանեց, որ կային «կեղծ» քվեներ: Ի՞նչ կարծքի ես այդ մասին:
-Ես
այդ կայքով քվեարկությանը լուրջ չեմ դարձնում, քանի որ կայքով
քվեարկություններն այլ են, և որոշումն, ինչպես միշտ, իրենք են կայացնում:
-Կարծո՞ւմ ես, որ անկեղծ ու անաչառ չեն:
-Եթե
կեղծիք եղել է, ապա ես չեմ կարծում, որ միայն իմ օգտին է եղել, քանի որ
նույնը յուրաքանչյուր ֆուտբոլիստի օգտին կարող է արվել: Ես կլինեմ առաջին
մարդը, որ կասեմ, որ ես չեմ Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացողը,
քանի որ այնտեղ կան Դումբիան, Վորոնինը, որոնք շատ լավ ֆուտբոլ են խաղում:
Ես անձամբ իմ ձայնն իրենց կտամ, քանի որ իրենք են Ռուսաստանի առաջնության
լավագույն ֆուտբոլիստները և բարձրակարգ թիմերում խաղում են բարձրակարգ
ֆուտբոլ:
-Քո Ֆուտբոլային կյանքում ամենամեծ ներդրումն ո՞վ է ունեցել:
-Իմ հայրը, քանի որ ինքն իմ և եղբորս հետ փոքր տարիքից զբաղվել է ֆուտբոլով:
- Յուրա´, ո՞վ է քո ֆուտբոլային կուռքը:
-Իմ ֆուտբոլային կուռքը եղել է Տիերի Անրին և բրազիլացի Ռոնալդոն:
- Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո կմնա՞ս «Կրասնոդար»-ում:
-Չգիտեմ
կմնամ, թե չեմ մնա. դա «Կրասնոդար»-ի որոշումն է: Բայց քանի որ ես
«Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ եմ և 2.5 տարվա պայմանագիր ունեմ, ոչինչ ասել չեմ
կարող:
- Որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ քեզ իրենց կազմում ցանկանում են տեսնել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ու Լոնդոնի «Տոտտենհեմ»-ը:
-
Անկեղծ ասած ես շատ ուրախ եմ, որ այդպիսի խոսակցություններ կան, բայց
կրկնում եմ, որ ես «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ եմ և մնացած խոսակցությունների
մասին չեմ ուզում ինչ-որ բան ասել, քանի որ դա գեղեցիկ չի լինի
«Կրասնոդար»-ի տեսանկյունից:
- Ո՞րն է քո երազանքի ակումբը:
-«Արսենալ»-ը և «Ռեալ Մադրիդ»-ը:
-
Իսկապես, աննախադեպ էր տարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար, և,
բնականաբար, քո մասնակցությունն այնտեղ անուրանալի նշանակություն ունի: Քո
կարծիքով ո՞րն է հավաքականի հաջողության գաղտնիքը և ո՞ր պահը հավաքականի
համար դարձավ շրջադարձային, բեկումնային:
-Իմ
կարծիքով այն սկսվեց Իռլանդիայի հետ տնային խաղից, քանի որ հենց այդ խաղից
մենք վստահություն ձեռք բերեցինք և ապացուցեցինք մեր ժողովրդին, որ կարող
ենք լավ ֆուտբոլ խաղալ և հաղթել: Իսկ իմ` Հայաստան գնալը ճիշտ որոշում էր և
օգնեց հավաքականին: Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ: Հպարտ եմ, որ հայ
ժողովուրդն ուրախանում է մեր հավաքականով:
-Հայաստանի հավաքկանում ավելի մեծ է կատարողների՞, թե՞ մարզչի դերը:
-Երկուսն էլ կարևոր են, որովհետև եթե մարզիչը լավը լինի, կատարողն էլ լավը կլինի:
- Ո՞րն է հավաքականում քո ամենադժվար խաղը:
-
Ամենադժվարը եղել է Ռուսաստանի հետ խաղը` Սանկտ-Պետերբուրգում:
Ամենադժվարը կարելի համարել նաև Ռուսաստանի հավաքականի հետ տնային խաղը,
քանի որ ես ծանր վնասվածք ունեի և ինձ համար շատ դժվար էր: Ամբողջ խաղը
ցավերով խաղացի:
-Իսկ ո՞րն ամենահիշարժան պահը քեզ համար:
-Ամենահիշարժան
պահն ինձ համար Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղն էր, որի ժամանակ
հավաքականում իմ առաջին գոլը խփեցի: Ինձ համար բոլոր խաղերն էլ հիշարժան
են:
- Արդյո՞ք 2014 թ. Աշխարհի առաջնության ընրական փուլը հաղթահարելի է Հայաստանի հավաքականի համար:
-Շատ
դժվար է, քանի որ մենք շատ ուժեղ մրցակիներ ունենք: Ամեն ինչ կանենք, որ
լավ ֆուտբոլ խաղանք, և վստահ եմ, որ եթե շարունակենք նույն կերպ խաղալ,
կարող ենք լինել Աշխարհի առաջնության մեր ընտրական խմբի առաջատարը:
-Հավաքականը
գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, սակայն ակումբները եվրոպական
մրցասպարեզում թույլ ելույթներ են ունենում: Ի՞նչը Հայաստանում կարող է
դառնալ ակումբային ֆուտբոլի զարգացման խթան:
-
Կարծում եմ, որ մեր ֆուտբոլն անպայման պետք է զարգանա հենց Հայաստանում:
Հավաքականի ցուցադրած խաղը կոգևորի մեր ֆուտբոլիստներին, և նրանք ավելի
լուրջ մոտեցում կցուցաբերեն, քանի որ 1-2 տարի առաջ Հայաստանում
ֆուտբոլիստները չէին ընդունում ֆուտբոլը որպես աշխատանք, այլ ընդունում էին
որպես զբաղմունք: Բայց հիմա բոլորն էլ տեսնում են, որ ֆուտբոլով կարող են
մեծ գումարներ վաստակել:
-Ինչպիսի՞ն էր 2011 թվականը Յուրա Մովսիսյանի համար:
-2011-ը
լավ տարի էր: Դժվար է ասել` շատ լավ էր կամ շատ վատ, քանի որ կարող էր նաև
ավելի վատ լինել: Բայց ես ուրախ եմ այս տարվա ձեռքբերումներով և ամեն ինչ
կանեմ, որ հաջորդ տարին ավելի լավը լինի, քան 2011-ը:
-Ի՞նչ սպասելիքներ ունես 2012 թվականին:
-2012 թվականի առաջին սպասելիքը կլինի մարտ ամսին իմ երեխայի ծննունդը:
-Քո Ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին ու հայ ֆուտբոլասերին:
-Մաղթում եմ բոլորին հաջողություն և առողջություն և մեզ բոլորիս ցանկանում եմ նորանոր հաղթանակներ: |